1915 թ. առաջ Վանա լճի հյուսիսային մասում գտնված հին հայկական բնակավայր «Ֆըլըստանը»
Խճանկար
2 Փետրվարի 2019, 16:19
Բիթլիսի Աքչրա (Առչրա-Ակունք խմբ.) գյուղում գտնվող Սպիտակ վանքի քարերի պահպանության կոչով հանդես եկած գիտնական Սեդաթ Ուլուգանան մի հոդված էր գրել այս շրջանի հայերի գոյության վերաբերյալ։ Akunq.net-ը ստորև թարգմանաբար ներկայացնում է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից 2016 թ. կազմակերպված «Վանն ու շրջակայքը, հասարակական, մշակութային ու տնտեսական պատմությունը» խորագրով կոնֆերանսին նրա զեկուցումը, որի թուրքերեն տարբերակը հրապարակվել է «Ակօս»-ում։
Սեդաթ Ուլուգանա
Տարածված է այն տեսակետը, որ «Ֆըլեհ» (“Fıleh”) տերմինը բառարանային իմաստով «հողագործ» նշանակող «Ֆելլահ» բառի` քրդերենին հարմարեցված ձևն է։ Հայտնի է, որ արաբերեն «Ֆելլահ» (“Fellah”) բառով է կոչվել Եգիպտոսում բնիկ ու հողագործությամբ զբաղվող, բանվոր աշխատող մի արաբ համայնք։ Քուրդ մտավորականների շրջանում առկա է այն տեսակետը, որ հիմնականում լեռնային ու բարձրադիր վայրերում քոչվոր կենսակերպ վարող, նախրապան քրդերը իրենց նման աշիրեթներ չկազմող, իրենց կրոնից ու հավատքից տարբերվող, մշտապես հողագործությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող հատվածներին այս արաբ համայնքի նմանությամբ տվել են «Ֆըլեհ» անունը։ Այս տեսակետից ելնելով՝ կարող ենք համարել, որ քրդերը, որոնք իրենցից շատ հեռվում (Եգիպտոսում) ապրող ֆելլահներին չէին ճանաչում, չէին տեսել, բայց գիտեին, որ այդ տերմինը օգտագործվում էր «հողագործությամբ կամ գյուղատնտեսությամբ զբաղվող» մարդկանց կամ էլ խմբերին բնութագրելու համար։
Հայտնի չէ, թե քրդերը երբ են սկսել «ֆըլեհ» կոչել իրենց հետ նույն աշխարհագրական տարածքում ապրող ու զգալիորեն իրենց նման, սակայն նույն կրոնին ու հավատքին չհետևող ու գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքերին։ 1797 թ. գրված քուրդ գրող Մելե Մահմուդե Բազիդիի (Mele Mehmûdê Bazîdî) “Adat û Rusûmatnameyê Ekradiye” անունով աշխատության մեջ «Ֆիլե(հ)» հասկացությունը 7 անգամ օգտագործվում է ձմռանը յայլայից վերադարձող «աներես» քրդերին «ձմեռելու վայրերով» ապահովող, իրենց տան դռները նրանց առջև բացող հայերի վերաբերյալ։ Հետաքրքիրն այն է, որ Բազիդին շատ տեղերում որպես այդ բառի հոմանիշ «ռայա» «“riya (n)” բառն է օգտագործում։ Ռայան, այսինքն՝ մի տիրակալի ղեկավարության տակ գտնվող ժողովուրդ, խումբ, համայնք, ներկայում օգտագործվում է «քաղաքացի, հայրենակից» իմաստով։ Այդ կապը քիչ թե շատ ցույց է տալիս հայերի ու քրդերի համատեղ հայերենիքը (!-Ակունքի խմբ.) եղած շրջաններում տիրող ուժային հավասարակշռությունը։ Դեռ ավելին, Բազիդիի մանկության տարիներին, թեև թույլ, սակայն քուրդ միրերը (էմիրները) դեռևս շարունակում էին պահպանել իրենց գոյությունը։ Այդ միրերի հպատակները երկու մասի էին բաժանվում՝ քոչվոր աշիրեթների անդամ, իրենց ապրուստը գերազանցապես անասնապահությամբ ու թալանով վաստակող, միրի ռազմական ուժը հանդիսացող քրդերը և գյուղերում, ավաններում ու քաղաքներում ապրող, հողը վարող-ցանող, գյուղատնտեսությամբ զբաղվող ու միրին միաժամանակ մի քանի հարկ վճարող և նրանց համար քրդերից ավելի շատ տնտեսական օգուտ բերող հայերը, քաղդեացիները, ասորիները, նեստորականները։ Այս համատեքստում տերմինի ողնաշարը, այսինքն՝ հիմնական «քաղաքացին» կազմում էին ռայա համարվող ֆըլեհները։ «Ֆըլեհ»-ը՝ որպես սահմանող ու բնութագրող բառ, քրդերի կողմից օգտագործվել է հատկապես քրիստոնյաների (հայեր, ասորիներ, քաղդեացիներ, նեստորականներ) վերաբերյալ։ Թեև այս բառը Քրդստանում մուսուլման չեղող համայնքների համար է կիրառվել կամ էլ, «քյաֆիր, գյավուր» տերմինների հետ հոմանիշ լինելով, ստորացնող իմաստ է կրել, պետք է շեշտել, որ դա ճիշտ չէ։ Օրինակ՝ Դուհոք, Մարդին, Սիիրթ (Սղերդ-Ակունք խմբ.), Շըրնաք շրջաններում գտնվող ֆըլեհները՝ քաղդեացիները, ասորիները, հայերը; Հաքքարիում՝ նեստորականներն ու Դիրաբեքիրի, Բիթլիսի (Բաղեշ-Ակունք խմբ.), Մուշի, Վանի, Էրզրումի (Կարին-Ակունք խմբ.), շրջանում էլ միայն հայերն էին ապրում։ Արդյունքում, խոսի առարկա ֆըլեհներն էլ միայն հայերն էին կազմում։
Ֆըլըստանի աշխարհագրական տարածքը
Ներկայում Վանի Էրջիշ (Արճեշ) գավառը, Աղրըի (Արարատ-Ակունք խմբ.) Փաթնոս (Փադնոց) բնակավայրի, Բիթլիսի Ադիլջևազ (Արծկե, Ալջավազի) գավառն ու Վանա լիճը միասին մի եռանկյուն են կազմում, որի հարավային ծայրը ներառում են Վանա լիճը, Սիփան լեռն ու Արին լիճը։ Ահա այս շրջանը տեղի քրդերի կողմից «Ֆըլըստան» է կոչվել։ Միասին գրվող Ֆըլըստան բառը «ֆըլե(հ)»՝ հայ ու «–ստան» վերջածանցով է կազմվել։ Այս եզրույթը սկզբում միայն քրդերն էին կիրառում, սակայն ժամանակի ընթացքում շրջանի հայերն էլ են սկսել օգտագործել։ Գրավոր աղբյուրներում ու արխիվային վավերագրերում այդ անվան վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ քարտեզ չի հանդիպում։ Սա ցույց է տալիս, որ այդ անվան կիրառումը պաշտոնապես այնքան էլ ընդունված չի եղել։ 80-100 տարեկան անձանց հետ մեր հարցազրույցներից հասկացանք, որ շրջանի սահմանների վերաբերյալ տեղեկությունները ցույց են տալիս, որ այդ շրջանի ժողովրդի կողմից առնվազն մի քանի սերունդ այդ շրջանը հենց այդպես է կոչվել. ամբողջ շրջանում միայն հայեր են ապրել։ Այս սահմանումն էլ ավելի է ամրապնդում այն փաստը, որ Արճեշի, Արծկեի ու Փեթնոսի լեռնային շրջաններում գտնվող գյուղերում, ոչ թե եղել է հայերից ու քրդերից կամ ուրիշ համայնքներից բաղկացած բնակչություն, այլ հակառակը, եղել են միայն հայեր։ Լեռնային շրջաններում գտնվող, քրդական ու հայկական խառը բնակչություն ունեցած կամ էլ միայն հայերով բնակեցված գյուղերը այս աշխարհագրական տարածքում չեն ներառվել։
Ըստ Հաջը Սադըք Չելիքի` Ֆըլըստանի սահմաններն են՝ արևելքում Արճեշի Փերթախ/Փերթագ (Դինլենջե) գյուղը, արևմուտքում՝ Ադիլջևազին կից Քոչերի/Գոջեր (Էրքիբաղը) գյուղը, հյուսիսում՝ Փաթնոսին կից Հոզդեմիր (Օզդեմիր) գյուղի շրջակայքն ու հարավում՝ Վանա լիճը։ Այս աշխարհագրական տարածքում տեղ գրավող բնակավայրերը հետևյալն են.
Ադիլջևիզին կից Վեչքասհոր (Վեչգազորուք) (Վիճկացռուկ-Ակունքի խմբ.) (ներկայում նման գյուղ չկա), Գուզել (ներկայում նման գյուղ չկա), (Քարա Քեշիշ (Քերե Քեշիշ-թերակղզի), Վերին Արչիրա (Ախչիրա-Աքչըրա) (Առճրա-Ակունք խմբ.), Ներքին Արչրա (Թերխանի), Արինջգոս (Ար(ինչ)քուս-Քավուշթուք), Արին (Արուն-Գյոլդյուզու), Փարգադ (Փարգաթ-Էսենքըյը), Խորանց (Խորնաս-Քարշըյաքա) Khorants, Մուրխուս (միրխուս-Իփեքչայըր), Նորշեն (Նորշին-Հեյբելի), Էքեցոր (Հեքեսոր-Գյումյուշդյովեն), Բեշնաքոմեր (Փեշնեքոմիր-Քյոմյուրլու), Գոչեր (Քոչերի-Էրիքբաղը), Քոզոխ(հ) (Քանզոխա-Այդընլար), Վերին Սիփան, Ներքին Սիփան, Քողոս (Քոզ), Նորշանգ (Հարմանթեփե), Մանիք (Mարնուք), Խերբեսոր (Խիրբեսոր-Օրենթաշ), Փերթո (Փեթո), Քիշգիլի, Քերեշեք, Զիրքեթ (Զիրքեթ-Աքյազը), Թաշուգա(Թաշգունա);
Արճեշին կից Փերթաք (Փերթախ,Դինլենջե), Քանծանք (Քանզաք-Քըրքդեգիրմեն), Փանոն (Փանի, Թաշլըչայ), Անզավ (Անզաֆ, Գյորուշլյու), Թիլան (Դիլան-Չիմեն) , Ագըսրաֆ (Ասրաֆ, Բայրամլը), Թոնդուրաս (Տանդրաս-Թաշեվլեր), Մույ (Միհ, Գեդիքդիբի), Գուրգուշ (Գուրսուս, Թեքլեր), Ջուդգահ (Ջուլգե, Քարաթավուք), Դեյր (Յաղլըք), Արմիզոնք (Հևիրզոնգ-Քարլըյայլա), Շերեֆլի, Զևիք (Օրթայայլա), Հազարդ (Հեզարե-Քայաբոյու), Ծագզագ (Աքչայուվա);
Փաթնոսին կից՝ Մեջույան (Մեջիյա, Էսենբել), Օրքութ (Ուրքութ-Ուրքյութ), Զերեքլի,) Հոզդեմիր (Օզդեմիր), Մարնիք (Մարնուք, Մալիք)։
Ներկայում երեք տարբեր շրջաններում՝ Վանի (Erciş-Արճեշ), Բիթլիսի (Adilcevaz-Ադիլջևիզ, Արծկե), Աղրըի (Արարատ) Փաթնոսի միջև ընկած այս հին հայկական աշխարհագրական տարածքում միայն քրդեր են ապրում։ 1930-ական թթ. սկսած` շրջանում գտնվող հայկական գյուղերի անունները, թեև պետության կողմից թուրքականացված են, քրդերի կողմից թուրքերեն անունները չեն նույնացվել, այլ հայկական (քրդերեն արտասանությամբ) անուներ են կիրառել։ Ներկայում շրջանի քրդերը իրենց դեռևս “Xelkê Filistanê (Fılıstanlı-ֆըլըստանցի)” են շարունակում անվանել։
Հնագույն հետքեր
Հայտնի է, որ 1915 թ. առաջ այս աշխարհագրական տարածքում գրեթե բոլոր գյուղերում եկեղեցիներ ու մի քանի մեծ վանքեր են եղել։ Գյուղի կենտրոնում գտնվող Ներքին Աքչըրա գյուղում գտնվող “Harab Manastır”-ն (Ավերակ վանք-Ակունք խմբ.) ու Աղըսրաֆ (Ասրաֆ- Բայրամլը), Ջուդգահ (Ջուլգե-Քարաթավուք) գյուղերի շրջանում գտնվող «Աղ(աք)մանասթըր»-ը (Սպիտակ վանք-Ակունք խմբ.) վանքերից ամենահայտնին էր. շրջանի հայերի համար այն եղել է ուխտատեղի ու սրբավայր։ 1915 թ. հետո բախտի քմահաճույքին թողնված այս պատմական սրբավայրերը ժամանակի ընթացքում ավերվել են գյուղերում բնակություն հաստատած մարդկանց կողմից, իսկ քարերն էլ օգտագործվել են նոր կառույցների շինարարության մեջ։ 1920-ական թթ. դեռևս մանուկ Էյուփ Բարքըշը պատմում է, որ Աքչրա գյուղում երկու եկեղեցի է եղել, այդ եկեղեցիներից մեկը շրջակայքը պտղատու ծառերով պատված Ավերակ վանքի մոտ էր, իսկ մյուսը սպիտակ տաշած քարերով կառուցված հսկայական գմբեթավոր մի կառույց է եղել։ Նրանք նույնիսկ այդ վայրում գյուղի մյուս երեխաների հետ միասին խաղեր են խաղացել։ Աքչրա գյուղում ապրած ու 1960 թ. և դրանից հետո ծնվածներն անգամ հիշում են Ավերակ վանքի ավերակներն ու պտղատու այգիները։ Նրանք պատմում են, որ տեսել են, թե ինչպես 1980-ական թթ. գյուղից Հալիլ անունով մեկն այդ պարտեզը ավերել. կտրված որոշ ծառերից «արյուն» է հորդել։ Նրանք ասում էին նաև, որ այդ պարտեզների շրջանը ապաստան է եղել հազվադեպ հանդիպող լուսանի ու աղվեսի տեսակների համար։ Հայերենով սրբազան կոչվող այս վանքերը նրանցից հետո քրդերի կողմից կոչվել են «Այցելության գագաթ»։ Հիմա էլ Աքչրա (Ախչիրա-Աքչըրա) գյուղում այն բարձրունքը, որի վրա կառուցված է եղել Ավերակ վանքը, գյուղացիները դեռևս շարունակում են ասել «Zîyaretê Tepê» (Ziyaret Tepesi-Այցելության գագաթ»։ Շրջանում գտնվող հայկական գերեզմանները հիմնականում եկեղեցիներին մոտ կամ էլ եկեղեցիների կամ վանքերի շրջակայքում են տարածված եղել։ Մի քանի մետր բարձրության վրա գտնվող խաչքարատիպ այդ գերեզմանների մի մասը շարունակել է կանգուն մնալ մինչև 2000-ական թթ. սկիզբ։ Սակայն վերջին տարիներին գանձագողերի ու գանձագողությամբ հետաքրքրվող գյուղացիների կողմից այդ խաչքարերը և գերեզմանոցները մեծապես ավերվել են։ Դարձյալ Աքչրա գյուղում “Dêra (K)Qulo”-ի ու Արինջգոս (Ար(ինչ)կուշ-քավուշթուք) գյուղի մզկիթի շրջակայքում գտնվող, տարբեր մոտիվներով զարդարված խաչքարերը մասամբ պահպանվել են։
Արին (Արուն-Գյոլդյուզյու), Փարգադ (Փարգաթ-Էսենքըյը), Խորանց (Խորնաս-Քարշըյաքա) գյուղերում գտնվող գերեզմաններն ու խաչքարերը հիմա ոչնչացված են։ Այնուամենայնիվ, որոշ տների պարտեզներում հնարավոր է գտնել անասուններին աղ տալու համար որպես «կերակրատաշտ» կամ էլ տների պատերին որպես անկյունաքար օգտագործվող խաչքարեր։
Սոցիալ-տնտեսական կառուցվածքը
Ֆըլըստանում գտնվող հայկական կառույցները շատ պարզ ու հարմար էին։ Տները կառուցված են եղել շրջանում Սիփան լեռան լավաներից կազմված բազմաքանակ մուգ գույնի քարերով։ Շատ ժամանակ մառանն ու գոմը նույն բակում էին գտնվում։ Այս երեք տարածքները երբեմն մեկ դռնից միջանցքով բացվում էին դեպի «հավշ» կոչվող բակ։ Բակերը հիմնականում նայում էին հարավ։ Գոմի ամենահետին մասում գտնվում էր հավանոցը։ Վանա լճի մոտակայքում ձմեռը շատ խիստ էր, ինչի պատճառով այդ կառույցները իդեալական էին բնակիչների համար։ Այս բոլոր կառույցներն այնքան ամուր էին, որ 1915 թ. Ցեղասպանությունից հետո շրջանում մշտական բնակություն հաստատած Իդո ու Խեթո ընտանիքների առաջին սերնդից Էյուփ Բարքըշն ասում է, որ շրջանում գտնվող բոլոր տներն ու շինությունները նույն ձևով մնացել էին, մակերեսային նորոգումից հետո նրանք այդ տներում են ապրել։ Նա պատմում է նաև, որ այդ շինություններից որոշները կանգուն են մնացել մինչև 1980-ական թթ.։
Գրեթե բոլոր գյուղերում յուրաքանչյուր տուն իր ջրհորն ուներ։ Աքչրա գյուղում գտնվող ու հայերի կողմից կառուցված առուներն ու բենթերը ներկայում էլ պահպանվել են։
Ասում են, որ 1915 թ. Ցեղասպանությունից առաջ շրջանի քրդերի հետ սերտ տնտեսական ու սոցիալական հարաբերությունների մեջ եղած հայերը, արևմտահայերենի հետ մեկտեղ, քրդերենի քուրմանջի բարբառին էլ են լավ տիրապետել, նմանապես Ֆըլըստանում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող քրդերն էլ հայերեն էին խոսում։ 1915 թ. մի քանի տարի առաջ շրջանում գտնվող գյուղերը թալանել սկսած աշիրեթների թեթև հեծելազորային գնդերի (հին անվամբ՝ Համիդիե գնդեր) անդամ քրդերը շրջանում սկսում են բնակություն հաստատել, ու քրդերենի ազդեցությունն ավելի է մեծանում։
Հայերի ժամանակ Ֆըլըստանում առկա տնտեսական ուղղությունները
Հայերի ժամանակ Ֆըլըստանի շրջանը Վանի ու հարևան Բիթլիսի վիլայեթի համար «Ցորենի ամբար» էր։ 1838 թ. Ադիլջևազ գնալու համար Ֆըլըստանով անցած Էրզրումում Անգլիայի հյուպատոս Ջեյմս Բրանթը խոսում է Աղըշրաֆ, Նորշեն ու Արին գյուղերում եղած «զարգացած գյուղատնտեսական» մեթոդների, հողի բերրիության, ցորենի որակի մասին։ Այսպիսով, եթե Արևմուտքում դեռ նոր էին սովորում օգտագործել ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկան, այստեղի հայերը սերունդներ շարունակ կիրառում էին դրանք։
Ֆըլըստանի շրջանում աճող ցորենն ու բլղուրը Աքչրա, Քարա Քեշիշ ու Փարգադ գյուղերի ափերին գտնվող նավահանգիստներ են տեղափոխվել, այդտեղից էլ մեծ նավերով Վան են ուղարկվել։ Շրջանի հայերը մի քանի տեսակ ցորեն են կարողացել աճեցնել ու գյուղատնտեսության մասին շատ բան գիտեին։ Նրանք աթարն ու թոնիրներից դուրս եկած փոշին օգտագործում էին որպես պարարտանյութ։ Սերմը շաղ չէին տալիս, այլ շարքով էին ցանում։
Ֆըլըստանում, հատկապես Վանա լիճի հատվածում մեղվապահությամբ էին զբաղվում։ Այդ տարածքում «գոնի» անվանվող բույս էր մշակվում, և որակյալ մեղր էր ստացվում։ Քրդագետ պրոֆ. Ջելիլե Ջելիլը, որի հետ հարցազրույց արեցինք, հայերեն աղբյուրների վրա հիմնվելով, ասում է, որ Աքչրա ու Քարա Քեշիշ գյուղերում մեղվապահությամբ էին զբաղվում։ Էյուփ Բարքըշն ասում է, որ շրջանում մեղվապահությամբ զբաղվող հայերից հետո շրջան եկած քրդերը չէին տիրապետում այդ գործին և չեն կարողանում այն շարունակել, իսկ այդ մասին նա լսել էր հորից։ Փոքր եղջերավոր անասնապահությունը Ֆըլըստանի գրեթե ողջ շրջանով մեկ տարածված է եղել։ Ֆըլըստանի շրջանում մեկ այլ տնտեսական զբաղմունք էր ձկնորսությունը։ Ինչքան որ հայտնի է Ինջի Քեֆալի (տառեխ-Ակունք խմբ.) հայտնի հազվագյուտ ձկան տեսակը աշխարհում միայն Վանա լճում կա։ Աքչրայի ծոցը, որտեղ թափվում են քաղցրահամ ջրերը, ձկնորսության համար շատ ձեռնտու էր։ Շրջանի հայերի կողմից տառեխ կոչվող ձկան տեսակից թթու էր պատրաստվում ու հեռավոր վայրերում վաճառվում։ Այգեգործությունն էլ է շրջանում շատ տարածված եղել։ Դեռևս ուրարտացիների ժամանակից եկած «Արճեշի խաղող» անունով հայտնի հազվագյուտ խաղողի տեսակը Վանա լճի ափին ավելի քարքարոտ տարածքներում՝ Քանձակ, Փանոն, Անզավ, Թիլան, Ագըսրաֆ, Թոնդուրաս, Մույ, Գուրգուզ, Ջուդգահ, Դեյր, Արմիզոնք գյուղերում էր աճեցվում, ու այդ խաղողից համեղ գինիներն էին ստացվում։
Ծովափին գտնվող գյուղերում հայերի մեկ այլ զբաղմունք էր օճառի արտադրությունը։ Ծովափի սոդայաջրի չորացումից ստանում էին փորանգ անունով օճառի տեսակը։ Անգլիայի հյուպատոսը գրում է, որ դա տեսել է ծովափնյա Արին գյուղում, և հավելում, որ այդ օճառը շատ էին գնում քրդերը։
Եզրակացություն
1915 թ. առաջ Ֆըլըստան շրջանը, Վանա լճի հյուսիսային շրջաններում բնակվող քոչվոր ու կիսաքոչվոր Ադաման ու Հայդարան աշիրեթների համադաշնություններին էր կերակրում վճարի դիմաց։ Շրջանում առևտուրն էլ այսպես էր զարգանում։ Ֆըլըստանի շրջանը համարվում էր Վանի փաշայի տարածքը, ինչն էլ քուրդ միրերի մոտ շրջանից հեռու մնալու համար բավարար պատճառ էր։ Այսպիսով, այդ ժամանակ տարածաշրջանում Ֆըլըստանը ծաղկուն շրջանի էր վերածվել։ Թանզիմաթի ժամանակ էմիրությունները լուծարվում են, ինչով պայմանվորված` աշիրեթներն էլ վերահսկողությունից դուրս են գալիս։ 1890-ական թթ. աշիրեթների կողմից հաճախակի են դառնում բռնությունները, ինչպես հայկական բազմաթիվ այլ բնակավայրեր, այնպես էլ Ֆըլըստանի շրջանը քար ու քանդ են լինում։ Հայդարան աշիրեթների համադաշնությունը, Համիդիյե գնդերի հետ միանալով, շրջանի գյուղերում պետական հովանավորություն է ստանում։ Ինչ վերաբերում է 1915 թ., ապա մինչ այդ նվազեցված հայկական բնակչությունն այդ տարեթվին ամբողջությամբ բնաջնջվում է։
Ռաժաբ Ալիի հայ ծառայի տոհմը` Թարխաններ
Ֆըլըստանի շրջանում արտոնյալ հայկական դասակարգ եղած Թարխանները, ինչպես հասկանում ենք բանավոր հարցազրույցներից, ղեկավարում էին այս շրջանի բոլոր հայերին։
Օսմանյան իշխանությունների կողմից որոշ արտոնություններ ստացած այս տոհմը մուսուլմանների ու այլ կրոնների հետևորդ ժողովուրդների կողմից էլ սրբազան է համարվել։ Կարծում եմ, որ այդ տոհմին արտոնյալ դիրքի է հասցրել շատ հայտնի ավանդազրույցը։ Ըստ ավանդազրույցի, «Մարգարեի փեսա Ալին» պատերազմներից մեկի ժամանակ նետահարվում է, վերքը ոչ մի կերպ չի ապաքինվում, մինչև որ մի օր, երբ Ալին նամազ էր անում, հայ ծառան նկատում է կրնկին մնացած նետի ծայրը ու իր ատամներով հանում այն։ Ալին այդ բարեխիղճ ծառային և նրա տոհմին սերունդներ շարունակ հարկերից ազատում է։
Ինչքան էլ որ օսմանյան փաստաթղթերում այն նշվի տոհմ կամ ֆամիլյա անուններով, հայտնի չէ, թե Թարխան տոհմը Ֆըլըստանում քանի հոգուց է բաղկացած եղել։ Սակայն Վերին Աքչրա (Terxanî Թերխանի) գյուղը պատկանում էր միայն այս տոհմից եղող ընտանիքին։ Շրջանի քրդերը դեռևս պատմում են թարխանյան աղաների ապշեցուցիչ հարստության մասին. Ֆըլըստանի շրջանում մի քուրդ անգամ չկար, որ լսած չլիներ հարուստ Թարխան տոհմի մասին։ Թարխան տոհմի հարստության մասին ամենաշատը պատմել է այդ ժամանակի վկաներից Քերեմ Քոթոն։ Քերեմի պատմածները հետագա տարիներին գանձագողերի կողմից անգիր են արվել, ու դրանց հիման վրա այդ տարածքի գրեթե յուրաքանչյուր քառակուսին փորվել է, գերեզմաններին վնաս է հասցվել, խաչքարերը ոչնչացվել են։
Օսմանյան կայսրության վարչապետական արխիվում մեր արած ուսումնասիրության ժամանակ 19-րդ վերջի տարիներին ու 20-րդ դարի առաջին քառորդին պատկանող Թարխան տոհմից մի քանիսի՝ Բաբը Ալի (Բարձր Դուռ-Ակունքի խմբ.) ուղարկած դիմումների, հիմնարկների միջև պաշտոնական գրությունների հանդիպեցինք։ Նախ հանդիպում ենք պաշտոնական գրության, որը հարցում էր այն մասին, թե տոհմը ազատվո՞ւմ է արդյոք հարկերից, թե՞ ոչ։
Երկրորդ գրության համաձայն՝ Թարխան տոհմի ձեռքում էր գտնվում սուլթան Մուրադ 4-րդի այն գրությունը, ըստ որի՝ իրենք ազատված են հարկերից։ Այսինքն՝ այդ փաստաթուղթը հայ Թարխան տոհմին ազատում էր մուսուլման չեղող մյուս բոլոր համայքներից գանձվող հարկերից։
Մեկ այլ գրություն էր այդ տոհմից Խաչիկին Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին գանձվող պատերազմական հարկից ազատելու խնդրանք էր։ Այստեղ տոհմի վերաբերյալ հանդիպում ենք պաշտոնական հետևյալ արտահայտությանը. «Սուրբ Ալիին բուժած ծառայի տոհմն է»։ «Վանի վիլայեթի մեջ գտնվող Ադիլջևիզ ավանի բնակիչներից Խաչիկի ու ընկերների կողմից իմամ Ալիին բուժած ծառայի տոհմին հարկերից ազատելու խնդրանք»։ (Ֆինանսների նախարարություն, 20)”
Ռամադան ամսվա 4, 1331 (1913 թ. (1915-Ակունքի խմբ.) օգոստոսի 7)։
19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին օսմանյան պաշտոնական գրություններում հատուկ հարկերից ազատված Թարխան տոհմը, ի տարբերություն Օսմանան կայսրության պետության, արտոնյալ չէր նույն ժամանակաշրջանում համիդյան ջոկատների ժառանգորդ ռազմական կազմավորումները ներկայացնող քրդերի համար։ Քյոռ Հյուսեին փաշային ու Էմին փաշային ենթակա Հայդարան (Հեյդերի) աշիրեթից կազմված Համիդիյե ջոկատներն ահասարսուռ ճնշումներ էին ենթարկում Ֆըլըստան շրջանում ապրող Թարխան տոհմին։ Ժամանակի ընթացքում տոհմն իր հարստության մեծ մասը հանձնում է Հայդարան աշիրեթը կազմող ցեղերին, սակայն իր հողերը չի լքում, Վերին Աքչրա (Թերխանի) գյուղում գտնվող Թարխանների աղայի համար հովվություն անող Քերեմ Քոթոյի պատմածների համաձայն՝ Թարխանները մինչև 1915 թ. շարունակել են ապրել այդ շրջանում։
«Նախքան հայերի կոտորածները (Հայոց ցեղասպանություն-Ակունք խմբ.) ես Թերխանիում (Վերին Աքչրա), Թերխան (Թարխան) աղայի հովիվն ու ծառան էի։ Մի օր կառավարությունից հրաման եկավ՝ հայերի գլուխները կտրե՛ք։ Դրանից հետո զինված ջոկատներն ու քրդերը Ֆըլըստան մտան։ Գյուղ առ գյուղ հայերին մորթեցին։ Երբ նրանք մոտեցան Թերխանիեին, այդ ժամանակ այնտեղ 6-7 տուն կար։ Թերխան աղան և նրա երկու որդիները նախ որոշեցին իրենց հարստությունը իրենց հետ տանել։ Ապա մտածելով, որ ճանապարհին կթալանվեն, հրաժարվեցին այդ մտքից։ Ինձ երկու պարկ լիքը զարդեր ու ոսկի կրել տվեցին։ Մի տեղ կանգնեցինք, աղայի որդիները աչքերս, ոտքերս ու ձեռքերս կապեցին, որ չտեսնեմ տեղը կամ փախչեմ։ Հետո այդ երկու պարկն այդտեղ թաղեցին։ Ապա իրենց ընտանիքներին վերցրեցին ու փախան (…) Լավ մարդիկ էին Թարխանները, սիրում էին լավություն անել։ Ճանապարհով անցնող յուրաքանչյուր մարդու հաց էին տալիս»։
Աղբյուրներ
Արխիվ :
Başbakanlık Osmanlı Arşivi (Օսմանյան կասրության վարրապետարանի արխիվ)
B.O.A.DH.MKT. / 269 – 23
B.O.A.MV. / 98 – 24
B.O.A.ŞD. / 464 – 29
B.O.A.İ.ML./ 93 – 42
B.O.A.MKT.MHM./723-16
B.O.A. Y.PRK.ZB./16-66
B.O.A. MKT.MHM. / 666-20
B.O.A.MKT.MHM./ 672-31
Հրապարակված գրքերի ցանկ
Brant, James ,1938 Yazında Kürdistan , İstanbul,2014
Evliya Çelebi, Evliya Çelebi Seyahatnamesi Topkapı Sarayı Kütüphanesi Bağdat 305 Numaralı Yazmanın Transkripsiyonu-Dizini (4. Kitap 1.cild),haz: Yücel Dağlı -Seyit Ali Kahraman, İstanbul,2001
Kılıç ,Orhan, XVI.ve XVII. Yüzyılda Van, Van,1997
Kilbourne, Matossian Mary, Susie Hoogasian Villa, Anlatılar ve Fotoğraflarla 1914 Öncesi Ermeni Köy Hayatı, İstanbul,2006
M. ,Mahmut , Adetê Kurdistan , Den Haag,1979
Mayewski, Van-Bitlis Vilâyetleri Askerî İstatistiği,çev: Mehmet Saddık , İstanbul, 1914
Stock , P.V. ,La Vérité Massacres d’Arménie , Paris,1896
Tavemier, Jean-Baptiste ,Tavernier Seyahatnamesi, haz: Stefanos Yerasimos, çev:Teoman Tunçdoğan,İstanbul,2006
Wigram, W. A./Edgar T. A. ,İnsanliğin Beşi̇ği̇/ Kürdi̇stan’da Yaşam ,çev: İbrahim Bingöl, İstanbul ,2004,
Վկայություններ
Իսմեթ Էրշեն
(Վան-Արճեշ, Լատիֆիյե թաղամասում 2010 թ. մարտի 20-ին նրա հետ հարցազրույց է արվել)
Ջելիլե Ջելիլ
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Ջասիմե Ջելիլ ինստիտուտում 2016 թ. փետրվարի 10-ին նրա հետ հարցազրույց է արվել)
Ալի Ուլուգանա
Բիթլիսում՝ Ադիլջևազի Աքչրա գյուղում 2016 թ. հունիսի 8-ին նրա հետ հարցազրույց է արվել։ Ցեղասպանությունից առաջ տիրող իրավիճակի և Ցեղասպանության ականատես Քերեմ Քոթոյի ասածները հաղորդեց)։
Ահմեթ Բարքըշ
Վանում՝ Արճեշի Չելեբիբաղղը (Էգանիս) թաղամասում 2016 թ. օգոստոսի 2-ին նրա հետ հարցազրույց է արվել։ Նա հաղորդել է նախքան Ցեղասպանությունը և Ցեղասպանության ընթացքի վկա եղած հոր՝ Իսմաիլ Չելեբիի պատմածները)։
Սադըք Չելիք
Վանում՝ Արճեշի շրջանում Դերիմևի (Գերգեշին) գյուղում 2016 թ. մարտի 15-ին նրա հետ հարցազրույց է արվել)։
Էյուփ Բարքըշ
Վանում՝ Արճեշի Չելեբիբաղը (Էգանիս) թաղամասում, 2016 թ. օգոստոսի 28-ին նրա հետ հարցազրույց է արվել)։
Թարգամանեց Անի Մելքոնյանը